Որպեսզի ռուսներին հանի տարածաշրջանից, Փաշինյանը չօգտվեց նրանց օգնությունից․ Մաթևոսյան
28 Դեկտեմբերի 2024, 14:47
Alpha News-ի ուղիղ եթերում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը անդրադարձել է Տավուշի մարզում իրականացված սահմանագծման աշխատանքներին, որի ընթացքում տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին։
«Եթե դա սահմանազատում էր, չպետք է կանգ առներ միայն Կիրանցի հատվածում։ Պետք է տեսնեինք, որ սահմանի այլ հատվածներում էլ է գործընթացը շարունակվում։ 2024-ի փետրվարին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, տարակուսանք հայտնում, որ կա պայմանավորվածություն՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի՝ պետությունները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը հրաժարվում է դա իրականացնել։
Հավանաբար, նա ուղերձ էր հղում այն սուբյեկտներին, որոնց միջնորդությամբ տեղի էր ունեցել պայմանավորվածությունը․ Ալմա Աթայի հռչակագրով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց սուբյեկտները կամ չլսեցին, կամ չուզեցին լսել դա, ու Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ կյանքի կոչել Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմանները։ Դեռևս 2023-ի դեկտեմբերին էր Ալիևը խոսում այն մասին, որ այդ հատվածները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասել է քաղաքագետը։
Մաթևոսյանը հիշեցրել է Կիրանցում հնչեցրած Փաշինյանի իբր զգուշացումները՝ եթե չտանք Ադրբեջանին, պատերազմ կլինի։
«Փաշինյանը մի քանի անգամ այցելել է Կիրանց, ու գնահատականներ տվել՝ եթե այս տարածքները հիմա չտանք Ադրբեջանին, Պակիստանից մինչև Ռուսաստան մեր դեմ պատերազմ կսկսեն։
Հետաքրքիրը հետևյալն է․ ռուս սահմանապահները այնտեղ կանգնած էին, նրանց ներկայությամբ Փաշինյանն ասում է՝ այդ ռուս սահմանապահները մեր դեմ պատերազմ են սկսելու, եթե այդ տարածքները չհանձնենք»,- ասել է Բենիամին Մաթևոսյանը։
Նա ընդգծել է՝ այլընտրանքներ կային տարածքներ հանձնելու փոխարեն, որոնցից մեկն էլ առաջարկել էր հենց ՌԴ նախագահը։
«Այլընտրանքներ իրականում կային։ Բացի նրանից, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում կա հստակ կանոնակարգ, թե ինչպես է պետք իրականացնել սահմանագծում-սահմանազատում։ Իր հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովներից մեկի ժամանակ այս հարցին անդրադարձել էր՝ ասելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել ու որպես հիմք պետք է ընդունել Սովետական Միության Գլխավոր շտաբի քարտեզները։
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ընտրություն էր կատարել՝ դուրս բերել ռուսներին տարածաշրջանից, հրաժարվեց ռուսական կողմի առաջարկից, որտեղ կային հստակ քարտեզներ։
Ու մենք հանգեցինք այդ վիճակին, որ տարածքներ հանձնեցին»,- եզրափակել է Բենիամին Մաթևոսյանը։