Որքա՞ն պետք է մեզ վարկազրկեն․ Տարոն Տեր-Խաչատուրյան
28 Հունիսի 2025, 00:05
Իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, բայց նաև տեսնում ենք, որ եկեղեցին խառնվել է քաղաքականությանը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տեր-Խաչատուրյանը։
«Շատ զարմանալի երևույթներ են տեղի ունենում Հայաստանում։ Եկեղեցու շուրջ դեպքերը շատ արագ են զարգանում»,-ասել է Տարոն Տեր-Խաչատուրյանը։
Նա եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները կապել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի հետ․ «Փաշինյանը՝ գնալով Թուրքիա, հրահանգներ ստացավ։ Եվ ընտրություններից մեկ տարի առաջ փորձում է Հայաստանում բռնապետություն հաստատել։ Այս ամենը ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդում է»։
Խոսելով եվրոպական, ամերիկյան մամուլում Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ արվող հրապարակումների մասին, Տարոն Տեր-Խաչատուրյանը նշել է․ «Իշխանությունները փողոցային ու ամոթալի հայտարարություններ են անում սոցցանցերում։ Որքա՞ն պետք է մեզ ամաչեցնեն, որքա՞ն պետք է վարկազրկեն»։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանն իրենց ծրագրերն իրականացնում են Փաշինյանի միջոցով և անում են ամեն ինչ, որպեսզի Փաշինյանը 2026 թվականին վերընտրվի և վերարտադրվի։
«Փաշինյանը շարունակելու է բռնաճնշումներն ամեն ձևով, այդ թվում՝ կիրառելով ոստիկանական ուժեր»,-հավելել է ՀՅԴ բյուրոյի անդամը։