Որքան մոտենան ընտրությունները Հայաստանում, այնքան ավելի շատ կլսվեն գովեստի խոսքեր Մոսկվայի հասցեին․ Դմիտրի Ռոդիոնով

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի այցի հիմնական նպատակն է նախընտրական շրջանում ցույց տալ, որ իր հասցեին հնչող մեղադրանքները՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։

«Նպատակը լիովին ակնհայտ է՝ ընտրություններին ընդառաջ ցույց տալ, որ իր հասցեին հնչող բոլոր այն մեղադրանքները, թե նա խզում է կապերը Ռուսաստանի հետ՝ որպես Հայաստանի պատմական գործընկեր, դաշնակից և պաշտպան, որը բազմիցս փրկել է երկիրը և փաստացի հանդիսանում է նրա պետականության երաշխավորը, իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ Փաշինյանին մշտապես մեղադրում են այն բանում, թե նրա քաղաքականությունը տանում է դեպի Ռուսաստանի հետ կապերի խզում, ինչը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալուն, Գյումրիում ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը և այլն»,- նշել է Ռոդիոնովը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը նաև փորձում է ցույց տալ, որ Հայաստանը միանշանակ ընտրություն չի կատարում Արևմուտքի կամ Թուրքիայի օգտին, այլ վարում է բազմավեկտոր քաղաքականություն։

«Ռուսաստան այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ փաստացի տեղի է ունենում ինքնիշխանության փոխանցում ԱՄՆ-ին և Թուրքիային։ Այս պայմաններում անհրաժեշտ է ցույց տալ, որ Հայաստանը միանշանակ խաղադրույք չի անում Արևմուտքի կամ Թուրքիայի վրա, այլ փորձում է վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ պահպանելով նաև բարեկամական հարաբերություններն իր պատմական գործընկերոջ հետ։

Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ շարունակվում են Հայաստանի իշխանությունների մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ իբր ընտրություններին միջամտելու փորձերի վերաբերյալ։ Այժմ հրավիրվել են եվրոպացի դիտորդներ, որոնք պետք է հակազդեն երրորդ կողմի՝ ենթադրյալ ագրեսիվ միջամտությանը։ Թեև այդ երրորդ կողմը բացահայտ չի նշվում, բայց ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին։

Այս ֆոնին նաև փորձ է արվում վերաշարադրել պատմությունը, լռության մատնել Ցեղասպանության թեման, հետին պլան մղել Արցախի հարցը, ինչպես նաև փոխարինել պատմական Հայաստանը «իրական Հայաստան» հասկացությամբ, որը առաջ է տանում Փաշինյանը։ Արդեն բացահայտ խոսվում է նաև Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք պահանջում է Ալիևը։

Ուստի այս ամենի ֆոնին անհրաժեշտ է, պայմանական ասած, «քաղցրացնել դեղահաբը» և ցույց տալ, որ, ինչ էլ լինի, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի հետ։ Իմ կարծիքով՝ որքան մոտենան ընտրություններն, այնքան ավելի շատ տարբեր գովեստի խոսքեր կհնչեն Մոսկվայի հասցեին», — եզրափակել է Ռոդիոնովը։