Որքան շատ լինեն զիջումներն, այնքան շատ կլինեն պահանջները. Դենիս Դենիսովը՝ Ալիևի նոր պահանջների մասին

10 Դեկտեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նոր պահանջներին, Սիրիայում տիրող իրավիճակին, Թուրքիայի նախագահ Էրդողանի նոր հայտարարությանը և այն, թե ինչ կփոխվի Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալուց հետո:

«Շատերը հույս ունեն, որ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու հետո աշխարհում արմատական փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ անվտանգության գլոբալ ճարտարապետությունում, ընդհանրապես գլոբալ միջազգային հարաբերություններում։ Դոնալդ Թրամփի նախորդ նախագահությունից արդեն գիտենք, թե ինչ արմատական քայլեր է նա ձեռնարկել մի շարք ուղղություններով։ Առաջինն, ըստ երևույթին, Թրամփի վարչակազմը կոչնչացնի իրանց սահմանափակող բոլոր համաձայնագրերը, ռազմական բաղադրիչի հետ կապված պայմանագրերը։ Նրանք դա արեցին իրենց առաջին ժամկետում։ Այժմ դա կշարունակվի և կավարտվի նրանով, որ կոչնչացվեն նաև միջուկային սպառազինության հետ կապված համաձայնագրերը, քանի որ դրանում շահագրգռված են մարդիկ, ովքեր ֆինանսավորել են Թրամփի նախընտրական արշավը», — ասել է Դենիսովը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան հավակնում է լինել տարածաշրջանային առաջնորդ։

«Իհարկե, այդ փոփոխությունները, որոնց մասին խոսում է Էրդողանը (Թուրքիայի նախագահ), կանդրադառնան և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների, և՛ թուրք-հայկական հարաբերությունների վրա։ Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդի դերին։ Այս տարածաշրջանում է գտնվում Հայաստանը։ Եվ այս առումով, անձամբ ես շատ ավելի շատ հարցեր ունեմ, թե ինչպես իրեն կպահի Հայաստանի քաղաքական վերնախավը։ Քանի որ, մի կողմից, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ բարդ են, իսկ մյուս կողմից, Թուրքիային դիմակայելու ռեսուրս այս պահին Հայաստանն ուղղակի չունի։ Ըստ երևույթին, պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել, ինչ-որ փոխզիջումներ փնտրել», — նշել Է Դենիսովը։

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ փորձագետը նշել է, որ հետևելու են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

«Ասադի հեռանալը (Սիրիայի նախագահի պաշտոնից) դժվար թե հանգեցնի Սիրիայում իրավիճակի կայունացմանը։ Շատ հավանական է, որ այս տարածաշրջանը կրկին կդառնա տուրբուլենտության գոտի, որը կարող է տարածվել հարևան երկրների վրա։ Ըստ ամենայնի, առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք տարածաշրջանում իրավիճակի զգալի ապակայունացմանը», — ընդգծել է Դենիսովը։

Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի արձագանքին, ապա քաղաքագետի կարծիքով՝ պարադոքս է, բայց պաշտոնապես Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ մի քննադատական մեկնաբանություն չի տվել Թուրքիայի դիրքորոշումների և տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ:

«Որոշ շրջաններում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են և չեն համընկնում, դա ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ կան մի շարք խնդիրներ և հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշումները համընկնում են։ Երբ հարմար է, կպայմանավորվեն։ Երբ անհարմար է, միանգամայն հնարավոր է, որ իրար դուրս մղեն։ Դա զարմանալի ժամանակակից քաղաքականություն է», — ասել է Դենիսովը։

Մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցային գործընթացում Բաքվի նոր պահանջները՝ քաղաքագետը նշել է, որ որքան շատ լինեն զիջումներն, այնքան շատ կլինեն պահանջները:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին պետք է հարց տալ. եթե ամեն ինչ արդեն պայմանավորված է, ապա ինչու ոչինչ չի ստորագրվում։ Բայց ադրբեջանական դիրքորոշումը միանգամայն կանխատեսելի է և բացատրելի։ Չէ որ Ադրբեջանն այս պահին հանդես է գալիս որպես հաղթող։ Եվ նրանք փորձում են հասնել իրենց համար առավելագույն արտոնությունների։ Հետևաբար, նրանք հաճախ օգտագործում են հստակ ուռճացված պահանջներ, ուռճացված սպասումներ այդ բանակցային գործընթացը շարունակելու համար։ Իրական քաղաքականության օրենքը հետևյալն է՝ որքան շատ լինեն զիջումներն, այնքան շատ կլինեն պահանջները: Ինչպես հասկանում ենք, այս պահին կողմերն այնքան էլ շահագրգռված չեն որևէ համաձայնագիր ստորագրելու հարցում։ Առայժմ փոխզիջում նույնիսկ չի նախատեսվում։ Եթե փաստաթուղթը պատրաստ լիներ հստակ դիրքորոշումներով, մենք վաղուց այդ մասին կիմանայինք», — եզրափակել Է Դենիսովը։