Ոսկե զարդը ոչ թե կապիտալ է, այլ քանդակ՝ այն կրողի համար. Արմեն Պողոսյանը՝ Փարիզի բիենալեին
15 Հուլիսի 2023, 22:00
Ոսկե զարդը ոչ թե կապիտալ է, այլ քանդակ՝ հատուկ այն կրողի բնավորությանը, հոգեվիճակին, արտաքինին համապատասխան: Դիզայներ-ոսկերիչ Արմեն Պողոսյանն՝ իր իսկ հորինած տեխնիկայով, այս սկզբունքով է ստեղծում զարդերը, որոնք ցուցադրվել են Փարիզի դեկորատիվ արվեստի բիենալեին, որի 20 տարվա պատմության մեջ Արմենը Հայաստանից առաջին մասնակիցն է:
Դիզայներ-ոսկերիչն իր ստեղծագործական մոտեցումների և վերջին ձեռքբերման մասին պատմել է Alpha News-ին:
Արվեստագետը մետաղն ավանդական ձևով չի մշակում: Կատարյալ ողորկ մակերեսներ քիչ կան նրա գործերում, ոսկին արծաթի և այլ նյութերի հետ է համադրում, ինչը նրան ստեղծագործելու ազատություն ու նոր գաղափարներ է տալիս:
Դիզայների զարդերն «Արմիոն» անունն ունեն: Հատուկ է ընտրել այդ բառը. հին հայերեն առագաստ է նշանակում: Հայաստանը նավ է, որի զարգացումը՝ առագաստը, արվեստն ու գիտելիքն են: Նրա կարծիքով՝ պետությունը կարող է աշխարհին ասելիքով ներկայանալ միայն այն դեպքում, երբ հայերը դադարեն կարծել, որ ամենալավն են:
«Երբ ամեն մեկս մեր ոլորտում մեր գործն անենք ու մեզ չհամարենք աշխարհի ամենալավը՝ մենք ասելիք կունենանք», — պնդել է արվեստագետն ու նշել, որ մշտապես տարբեր երկրներում բնակություն հաստատելու հնարավորություն է ունեցել, բայց չի հեռացել, որ հենց իր հայրենիքում ստեղծագործի:
«Իմ մեծ տղան ինձ դաստիարակել է: Երբ նա ծնվեց, ես հասկացա, որ իմ վարքագիծը պետք է փոխեմ: Նա ինձ տեսնում էր և ընդօրինակում քայլերս: Ես հասկացա, որ ինքս ինձ պետք է վերադաստիարակեմ: Սկսեցի անել այն ամենը, ինչը կցանկանայի, որ նա աներ», — նշել է Արմեն Պողոսյանն ու ընդգծել՝ սեփական օրինակով պետք է հայրենասիրություն սովորեցնել և ոչ թե հայրենասիրության ճառեր կարդալ:
Մանրամասները՝ տեսանյութում: