Ոստիկանությունից հերքում են՝ բերման ենթարկելիս կիրանցիներին ծեծի չեն ենթարկել

02 Մայիսի 2024, 11:22

Քաղաքականություն

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։ Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։

Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։

Բերման ենթարկվածների թվում կային նաև անչափահասներ։