Ոստիկանությունը ցրել է ընդդիմության ցույցը Թբիլիսիի կենտրոնում
19 Նոյեմբերի 2024, 11:00
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցրել է ընդդիմության ցույցը։ Նրանք հրաժարվում են ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Sputnik Գրուզիան գրում է, որ կոմունալ ծառայությունները մաքրել են երթևեկելի հատվածը, որտեղ վրաններ էին տեղադրվել:
Կիրակի երեկոյան Վարազիսցևի, Մելիքիշվիլի, Կեկելիձեի փողոցների և Ճավճավաձեի պողոտայի խաչմերուկում տեղադրվել էին վրաններ և նստարաններ, որոնք հավաքվել են հարակից տարածքից: Ակցիայի մասնակիցներին սնունդ, տաք ըմպելիք և վերմակներ էին բաժանել, որպեսզի նրանք գիշերը չհեռանան։
Ցրումը սկսելուց առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և ազատել երթևեկելի հատվածը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ակցիայի ժամանակ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, մեկ մարդ տուժել է, նրան տարածքից տարել են շտապօգնության մեքենայով: Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են պայքարել մինչև վերջ և չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիաները: