Ոտաբոբիկ՝ Համբուրգից Բեռլին. ի սատար Արցախի՝ հայ երիտասարդները յուրատեսակ ակցիա են իրականացրել

16 Օգոստոսի 2023, 17:00

Քաղաքականություն

Գերմանաբնակ երիտասարդ Գևորգ Բաբայանն իր 2 ընկերների հետ եվրոպացիների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի վրա: Երիտասարդները 6 օրում ոտաբոբիկ կտրել-անցել են 280 կմ ճանապարհ և Համբուրգից հասել Բեռլին՝ անցորդների ահազանգելով, որ Արցախի 120 հազար հայ բնակչությունը կանգնած է ցեղասպանության վտանգի առջև: Նրանց ոտնաթաթերը այտուցվել են, սակայն դրան ուշադրություն չեն դարձնում, քանի որ իրենց առջև դրած նպատակին հասել են՝ հնարավորության սահմաններում բարձրաձայնել են տոտալ շրջափակման մեջ գտնվող քրիստոնյա ժողովրդին պատուհասած փորձության մասին, որի վերաբերյալ եվրոպական մամուլը գրեթե լռում է:

Հիշեցնենք` Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում