Ուկրաինա օգնություն ուղարկելով՝ հարվածում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. Արթուր Խաչիկյան
07 Սեպտեմբերի 2023, 13:10
Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը Հայաստանի՝ Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումը դիտարկում է Ռուսաստանից հրաժարվելու եւ արտաքին քաղաքական ուղեգիծը դեպի Արեւմուտք փոխելու գործընթացների շրջանակում:
«Մեկ անգամ եւս այս քայլով հարվածում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Մենք Ռուսաստանից պահանջում ենք կատարել իր պարտականությունները, բայց 5 տարի անընդմեջ փչացնում ենք նրա հետ մեր հարաբերությունները եւ հետո զարմանում, որ Ռուսաաստանը մեզ չի օգնում: Այս քայլով Հայաստանն ուզում է Արեւմուտքին ցույց տալ, որ իրենց հետ են ուզում լինել:
Դա կարելի է ընդունել, եթե Արեւմուտքից ռեալ քայլեր լինեն, ոչ թե ճառեր: Եթե լիներ նման ռեալ քայլեր՝ գուցե հնարավոր լիներ Իրանին ու Ռուսաստանին փոխարինել ու տեղադրել ամերիկյան ուժեր: Բայց պետք չէ մոռանալ, որ Միացյալ Արեւմուտքն այստեղ արդեն ունի իր դաշնակիցը՝ Թուրքիան, որն ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան մենք»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչիկյանը:
Ուկրաինայում տեղի ունեցողը ցավալի ու ողբերգական է համարում քաղաքագետը, բայց հիշեցնում է, որ Ուկրաինայի հետ տեղի ունեցողը ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկանալու հետեւանք էր:
«Ցավոք, Ուկրաինայի ղեկավարությունը հավատաց այդ խոստումներին, որ նրանք ՆԱՏՕ են մտնելու, որ ՆԱՏՕ-ն իրենց կօգնի: Բայց Ուկրաինան ավիրվեց հենց այդ խոստումներին հավատալու պատճառով: Իհարկե, մարդկանց օգնելը լավ բան է, բայց մենք օգնություն ենք տալիս մի կառավարության, որը շնորհավորում էր Ադրբեջանին արցախյան 44-օրյա պատերազմում հաղթելու համար, մի կառավարության, որը պատերազմի ժամանակ ֆոսֆորային ռումբ էր տրամադրում Ադրբեջանին»,- նկատեց Արթուր Խաչիկյանը:
Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանը օրեր առաջ հայտնել էր, որ Հայաստանը ռուս-ուկրաիանկան պատերազմից ի վեր առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկելու Ուկրաինա, որը փոխանցելու է առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը:
Կառավարությունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց չի էլ հերքել:
Աննա Հակոբյանը նախօրեին Կիեւում մասնակցել է առաջին տիկնանց եւ ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ: Երեկ նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել եւ հայտնել, որ հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհված երեխաների հիշատակին:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան հնարավոր այցին, քաղաքագետը ողջունելի համարեց այն, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ պետք չէ ոգեւորվել դրանից, այլ պետք է լուրջ առաջարկներ ակնկալել:
«Պետք է ռեալ նայել ու հասկանալ, թե ինչ է նա առաջարկելու Հայաստանին: Ֆրանսիան պատրա՞ստ է հայտարարել, որ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, պատրա՞ստ մեր տարածքում տեղակայել ռազմական ուժեր, պատրա՞ստ է հայտարարել, որ Արցախում թույլ չի տա էթնիկ զտում, եւ պատրա՞ստ է առճակատվել Թուրքիայի հետ մեր համար: Այդ հարցերին պետք է պատասխաններ տալ»,- նշեց Արթուր Խաչիկյանը:
Հիշեցնենք նաեւ՝ Ֆրանսիայում Alpha News-ի աղբյուրը հայտնել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին այցելելու է Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այցելելու է նաեւ Բաքու: