Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը Ռուսաստանի հետ դեռևս մանրամասն չի քննարկվել. Դմիտրի Սայմս

24 Նոյեմբերի 2025, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր Դմիտրի Սայմսը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագիրը:

Նրա խոսքով՝ սա նախնական ծրագիր է, որը մանրամասն չի քննարկվել ռուսական կողմի հետ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այն կարող է համարժեք հիմք լինել։ Մանրամասները Մոսկվայի համար դեռ պարզ չեն, իմ կարծիքովս, դրանք պարզ չեն նաև հենց նախագահ Թրամփին։ Ես հարցրել եմ Սպիտակ տան պաշտոնյաներին, թե նախագահն ինչպես է վերաբերվում այդ ծրագրին։ Ինձ ասել են, որ նա տեղյակ է ծրագրի մասին և սկզբունքորեն աջակցում է դրանում առկա գաղափարներին, բայց դեռ մանրամասն չի ուսումնասիրել և չի կարդացել այն։

Հիմա Ուկրաինայի և, իհարկե, եվրոպական երկրների կողմից Թրամփի վրա հուսահատ ճնշում է գործադրվելու, որպեսզի նա ընդառաջի իրենց։ Եվ պետք է ելնել նրանից, որ նրանց արվող յուրաքանչյուր զիջում արվելու է ծրագրի այն դրույթների հաշվին, որոնք համապատասխանում են Ռուսաստանի շահերին։ Սա ստանդարտ ընթացակարգ է, որին Ռուսաստանը բախվում է. նրան սկզբում ինչ-որ բան են առաջարկում, իսկ հետո սկսում են աստիճանաբար հետ վերցնել սկզբնական առաջարկները։

Եվ այստեղ կարևոր է պարզությունը. այն ծրագիրը, որը մենք տեսնում ենք, փոխզիջումային է, և շատ բան կախված է մեկնաբանությունից։ Երբ անմեղ տեսքով ասում են՝ «եկեք ինչ-որ բան փոխենք», դա ծրագրին ավելի ու ավելի հեռացնում է հատուկ ռազմական գործողության խնդիրներից»,- ասել է Սայմսը։

Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի կարգավորման ծրագիրը փաստացի նշանակում է Զելենսկու ռեժիմի ավարտը։

«Եթե խոսենք եվրոպացիների մասին, ապա նրանք, հավանաբար, պատրաստ են շարունակել պատերազմը, քանի որ այն չի ընթանում իրենց տարածքում։ Ռուսաստանը նրանց դեռ ոչ մի պատասխան հարված չի հասցրել, թեև նրանք, ակնհայտորեն, ավելի ու ավելի են դառնում կոնֆլիկտի անմիջական մասնակիցներ։ Նրանց տեսանկյունից, պատերազմը կարելի է շարունակել։

Իսկ ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա, եկեք անկեղծ լինենք. ծրագիրն այն տեսքով, որով այն այժմ ձևակերպված է, ամենայն հավանականությամբ, նշանակում է Զելենսկու ռեժիմի ավարտը, քանի որ ենթադրվում են ընտրություններ՝ միջազգային վերահսկողության տարրերով։ Կարծում եմ, որ հենց Զելենսկին չի սպասում, որ կկարողանա որևէ իրական ընտրությունում հաղթել»,- եզրակացրել է Սայմսը։

Հիմա եթերում