Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման ժամանակ վնասվել է Ղրիմի հայկական եկեղեցին

26 Դեկտեմբերի 2023, 23:30

Մշակույթ

Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում թաղված է գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին, վնասվել է Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրիմի ազգամիջյան առաքելության ներկայացուցիչ Զաուր Սմիրնովին։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր անցած գիշեր Թեոդոսիայի նավահանգստի վրա թշնամական հարձակման մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հետ մղելու ընթացքում վնասվել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը:

«Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վնասվել է։ Հարվածային ալիքը տաճարի մի քանի վիտրաժային պատուհան է կոտրել»,-ասել է Սմիրնովը։

Միջնադարյան հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1330 թվականին։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Համարվում է Թեոդոսիայի ամենահին հայկական տաճարը։ Եկեղեցու բակում թաղված է հայազգի ռուսաստանցի գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։