Ուկրաինայում տեղի ունեցած գործընթացները համապատասխանում են Փաշինյանի գործընթացներին․ Անդրանիկ Հովհաննիսյան
28 Հոկտեմբերի 2025, 23:45
Կովկասյան տարածաշրջանի պետությունները տարբեր քաղաքականություն են վարում, և դրա վառ ապացույցն այն է, որ առնվազն երկու պետություն հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Հայաստանի իշխանությունները, որքանով էլ փորձում են հասարակությանը կամ միջազգային հանրությանը ցույց տալ՝ իբրև Կովկասյան տարածաշրջանն ունի ընդհանուր պատկեր, թե ինչպես պետք է ապահովի անվտանգությունը և զարգացումն այս տարածաշրջանում, իրականում դա չի համապատասխանում իրականությանը։ Կովկասյան տարածաշրջանի պետությունները տարբեր քաղաքականություն են վարում, և դրա վառ ապացույցն այն է, որ առնվազն երկու պետություն հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Վրաստանի պատճառները, կարծում եմ, օբյեկտիվ են․ առնվազն 2024 թվականի պառլամենտական ընտրություններից հետո բավականին լարված իրավիճակ է Եվրամիության և Վրաստանի միջև, ինչն, իհարկե, ազդում է նաև տարածաշրջանի անվտանգության վրա, բայց Ադրբեջանի պարագայում, ճիշտն ասած, զարմանալի է նման որոշումը։ Սա զարմանալի է, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները բավականին լավացել են»,- նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր տարածաշրջանի միակ պետությունն է, որը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ Եվրամիության բաստիոն՝ Կովկասյան տարածաշրջանում։
Խոսելով եկեղեցու շուրջ ծավալվող գործողությունների մասին՝ միջազգայնագետն ընդգծել է․
«Գործընթացները, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում իշխանափոխությունից հետո, այսօր Մոլդովայում տեղի ունեցողը, չասեմ 100 %-ով, բայց մեծամասամբ համապատասխանում են այն նույն գործընթացներին, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ես կարող եմ ընդգծել, օրինակ, իշխանության և եկեղեցու միջև հակասությունները։ Ուկրաինայում արդեն իշխանություններին հաջողվել է տարանջատել ուղղափառ եկեղեցին, կենտրոնի մի մասը Լվովում է, մյուս մասը՝ արևելքում։ Կոտրել են ընդհանուր գաղափարը։ Հիմա նույնը, ի դեպ, տեղի է ունենում Մոլդովայում, այնտեղ էլ է փորձ արվում ուղղափառ եկեղեցին տարանջատելու։ Չգիտեմ ի՞նչն է նպատակը, բայց այսօր նույնը Հայաստանում է տեղի ունենում»։