Ունենք «պլանային տնտեսությանը» հատուկ ընդունելության համակարգ. Ատոմ Մխիթարյան
31 Հուլիսի 2023, 18:50
Հայաստանի բուհական համակարգը թերհամալրման խնդիր ունի: Վերջին տարիների թե՛ պետական, թե՛ մասնավոր համալսարանները բախվում են խնդրին, որը կրթության փորձագետի կարծիքով, մի քանի պատճառ ունի՝ աշակետների թվի նվազումից մինչեւ ուսման բարձր վարձավճարներ:
«Անվճար համակարգում այսօր ունենք մոտ 350 անվճար թափուր տեղ և ավելի շատ թափուր տեղ վճարովի համակարգում, քան ընդունվողների թիվն է», — Alpha News-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը:
Վերջին տարիների թե՛ պետական, և թե մասնավոր համալսարաններում ավելի տեսանելի դարձող թերհամալրման խնդիրը, կրթության փորձագետը մի քանի հանգամանքով է պայմանավորում: Նախ, դպրոցներում գնալով նվազում է աշակետների թիվը, երկրորդ՝ կա արատագաղթ նախաուսանողական տարիքային խմբում: Մյուս պատճառը, ըստ փորձագետի, կրթության որակի նվազումն է: Ատոմ Մխիթարյանին խոսքով` դա կարելի է հասկանալ համալսարան ընդունվողների թվից:
«13,000-ից ավելի դիմորդ կա, բայց նրանցից միայն մոտ 9000 է ընդունվել»,- արձանագրում է փորձագետը: Բացատրում է՝ մեր երեխաները դպրոցներում չեն ստանում այն գիտելիքները, որով կկարողանան հաղթահարել քննության պատնեշը: Անգամ հերթական բարեփոխումից հետո, երբ դիմորդներին հնարավորություն տրվեց մեկ անգամ քննությունը չհանձնելուց հետո երկրորդ անգամ վերաքննություն հանձնել, մոտ 4000 դիմորդ այդպես էլ չկարողացավ ստանալ նվազագույն միավորը և ընդունվել ԲՈՒՀ:
Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է՝ այս տարի ԵՊՀ-ում և Ճարտարագիտական համալսարանում համապատասխան բաժիններ ընդունվողներին տրվեց տարկետման իրավունք:
«Պետական համալսարանի քիմիա մասնագիտության գծով ամենավերջին ուսանողը չի վաստակել նույնիսկ 2,8 միավոր, միայն միավորը կլորացնելուց հետո է կարողացել ընդունվել, դեռ ավելին՝ մեկ տեղ էլ թափուր է մնացել»,-նշում է Մխիթարյանը: Նրա խոսքով, հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողները բնագիտական առարկաների իրենց իմացությամբ հետ են նույնիսկ հարևան երկրներից:
Անդրադառնալով մասնավոր բուհերում առկա խնդիրներին, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը նշում է ՝ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում եւս ամեն տարի լրացվում է սահմնաված տեղերի մոտ երեք տոկոսը:
Մխիթարյանը բացատրում է՝ կրկնուսույցի մոտ պարապածները իրենց նախապատվությունը տալիս են հատկպաես պետական հաստատություններին: «Ժամանակի ընթացքում, եթե մասնավոր ԲՈՒՀ-երը չհամալրվեն, ապա պետք է գնան միավորման ճանապարհով, կամ էլ՝ պարզապես փակվելու են»,- զգուշացնում է Մխիթարյանը:
Ըստ փորձագետի՝ ցածր դիմելիության պատճառներից մեկը նաև ամեն տարի աճող ուսման բարձր վարձավճարներն են: Դրանք հատկապես թանկ են նստում մարզերում բնակվողների գրպանին: «Շատերը ուղղակի չեն էլ դիմում, որովհետև գիտեն, որ անվճար համակարգից, եթե դուրս մնան, վճարովի համակարգում չեն կարողանալու շարունակեն իրենց ուսումը»,- նշում է Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետի խոսքով՝ այստեղ կա նաև սոցիալական արդարության խնդիր: «Հետո գալիս է ուսումը կիսատ թողնելու և բանակ գնալու խնդիրը, արտագաղթի գայթակղությանը դիմակայելու խնդիրը և այլն»,- թվարկում է Մխիթարյանը՝ հավելելով, որ այս ամենի պատճառով Հայաստանը կորցնում է մի քանի տարի հետո ձևավորվելիք էլիտան:
Կրթության ոլորտի փորձագետի խոսքով, պետությունը պետք է առաջիկա տարիներին հատկապես ուշադրություն դարձնի բուհերում գործնական գիտելիքների որակին:
«Նույնսիկ ուսումնառության ընթացքում անհրաժեշտ է առարկաները փոխել, կապ պահպանել արտադրության և իրական կյանքի հետ: Գործնական դասընթացները կրում են առավելապես ձևական բնույթ, մինչդեռ, արտասահմանյան բուհերում ամենամեծ շեշտադրումը հենց այդ ուղղությամբ է: Հիմնավորապես պետք է փոխել ընդունելության համակարգի մոդելը: Պետությունը ինքն իրեն պետք է ձերբազատի ընդունելության համակարգին խառնվելու ցանկցած փորձից»,- ընդգծում է Մխիթարյանը:
Նա հարցարդում է անում, թե ի՞նչ է նշանակում ՝ արդեն 30 տարուց ավելի ունենալ պլանային տնտեսությանը հատուկ ընդունելության համակարգ: Պետությունը չպետք է որոշի, թե այս կան այն ԲՈՒՀ-ը կամ ֆակուլտետը որքան դիմորդ պետք է ունենա:
Մխիթարյանն ընդգծում է՝ չգիտես ինչու, պետությունը նույն սցենարով չի վերահսկում, թե արդյոք ընդունվողները հետագայում ստանում են անհրաժեշտ և բավարար գիտելիքներ: