«Ուրախ եմ, որ կա այդպիսի մարդ». Եվգենի Պետրոսյանը՝ Չելյաբինսկի տրակտորիստի հետ ազգակցական կապերի մասին

23 Նոյեմբերի 2024, 16:43

Հայեր

Հայկական ծագմամբ ՌԴ ժողովրդական արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հատուկ ուղերձ է հղել Ժողովրդական երրորդ մրցանակի հյուրերին և 74.RU-ի հերոս՝ տրակտորիստ Նվեր Պետրոսյանին, որը Ունիվերսիտսկի ամբարտակում ջրհեղեղի ժամանակ հետիոտներին տեղափոխել է հսկայական ջրափոսով։

Այդ ուղերձը ցուցադրվել է մրցանակաբաշխության ժամանակ։ Ծանոթները կատակում են, որ Նվերը հանրաճանաչ արտիստի եղբոր որդին է։ Եվգենի Պետրոսյանն անդրադարձել է ազգակցական կապերի մասին խոսակցություններին, որում, մասնավորապես, ասվում է.

«Բարև, Չելյաբինսկ: Ողջունում եմ քեզ։ Երբեմն ինձ հարցնում էին, թե ես և Նվերն արդյոք ազգակցական կապ ունենք: Չէ, մենք ազգական չենք, մենք ուղղակի նույն ազգանունն ունենք։ Բայց հարցը դա չէ: Փաստն այն է, որ ես ուզում եմ ողջ սրտով ողջունել այս զարմանահրաշ մարդուն՝ Նվեր Պետրոսյանին, քանի որ նա ապրում է իր հոգում պահելով Աստծուն։ Երբ մարդն օգնում է մարդկանց նման դժվարին պահին, նշանակում է, որ շրջապատին վերաբերվում է դրական հույզերով՝ հոգում ունենալով Աստծուն։ Որքա՜ն է այն այսօր արժեքավոր։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ այդպիսի մարդ կա։ Աստված Ձեզ երջանկություն տա, Աստված օրհնի Ձեզ»։

Նվերը հայտնի է դարձել Ունիվերսիտսկի ամբարտակում փետրվարյան ջրհեղեղից հետո։ Այդ ժամանակ և՛ մայթերը, և՛ ճանապարհը լցվել էին ջրով, ուստի ցրտին հետիոտները ստիպված էին անցնել խորը ջրափոսերի միջով։ Տրակտորիստը չի կարողացել անտարբեր լինել և սկսել է մարդկանց տեղափոխել։ Նա իր արարքում ոչ մի արտառոց բան չի տեսնում։ Նվերը Չելյաբինսկում է ապրում 2004 թվականից, այնտեղ են նրա ընտանիքը, երեխաները, թոռները։