Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին

13 Նոյեմբերի 2024, 19:40

Քաղաքականություն

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով ուրուգվայցի քաղաքական գործիչների տարածած հայտարարությանը։

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին։

Միաժամանակ, ընդգծում ենք ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: