Ուրվականը համացանցում. Քևին Միտնիկ

06 Օգոստոսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 6-ը համակարգչային անվտանգության ամերիկյան խորհրդատու, տեղեկատվական անվտանգության ոլորտում նշանակավոր գործիչ, գրող և հաքեր Քևին Միտնիկի ծննդյան օրն է:

Քևին Միտնիկը ծնվել է 1963 թվականին Կալիֆորնիայում։ Նրա հայրը Ալան Միտնիկն է, մայրը՝ Շելլի Ջեֆֆեն, իսկ մորական տատը հայուհի Ռեբա Վարդանյանն էր։

Արդեն 12 տարեկանից Քևինը սկսել է ակտիվորեն զբաղվել համակարգչային համակարգերով և հաքությամբ։ Նա ժամերով անցկացնում էր համակարգչային լաբորատորիայում և նույնիսկ կարողացել է կոտրել դպրոցի տեղական ցանցը: Մեկ տարի անց նրան հաջողվեց ներթափանցել Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության ուժերի համակարգ։

Ավելի ուշ նա Pacific Bell ցանցից գողացել է գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում եղել են մի քանի դասագրքեր և ծրագրային ապահովում։ Նման խենթ պատմություններն ու հաքերային հարձակումները Միտնիկի կյանքում քիչ չեն եղել, ինչի համար նրան մեկ անգամ չէ, որ կալանավորել են։ Հաքերն իր բոլոր համակարգչային մեքենայությունները կատարել է միայն հետաքրքրությունից դրդված, քանի որ նրա համար կարևոր էր գաղափարն ու դրա իրականացումը։

Քևին Միտնիկը դարձել է գեղարվեստական մի քանի ստեղծագործությունների և գրքերի խորհրդանշական կերպար: Բացի այդ, նա ինքն է գրել մի քանի գիրք՝ «Անտեսանելի լինելու արվեստը», «Ուրվականը համացանցում. մեծագույն հաքերի հուշերը»։ Իսկ «Հաքերություն» ֆիլմում բավականին մանրամասն լուսաբանվել է Միտնիկի գործունեությունը։ Նա նաև դարձել է նախատիպը համակարգչային խաղերի որոշ կերպարների։

Քևին Միտնիկը մահացել է 2023 թվականի հուլիսի 16-ին