«Ուզբեկստանի Ֆերգյուսոնը»․ Յուրի Սարգսյան
30 Մայիսի 2025, 21:55
Յուրի Վազգենի Սարգսյանը խորհրդային ականավոր ֆուտբոլիստ է, ուզբեկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը։
Ծնվել է 1947 թ․ մայիսի 30-ին Սոյլանում՝ Հայկական ԽՍՀ-ում։ Տաղանդավոր ֆուտբոլիստն անցել է հարձակվողից մինչև մարզչի ուղին՝ տևական ու հաջող մարզչական կարիերայի համար ստանալով «Ուզբեկստանի Ֆերգյուսոնը» մականունը։
Սարգսյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1968 թ․ «Մետալուրգ» ակումբում (Ալմալիկ)։ Հետագա տարիներին խաղացել է «Ավտոմոբիլիստ» (Թերմեզ), «Նեֆտյաչի» (Ֆերգանա) և «Շախրիխանեցի» ակումբներում՝ ռմբարկուի հիանալի որակներ ցուցադրելով։
Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 14 մրցաշրջան, 10 անգամ դարձել է իր թիմերի լավագույն ռմբարկուն և խփել 241 գոլ։
Կարիերան ավարտելուց հետո Սարգսյանը ստացել է բարձր որակավորում ունեցող մարզչի դիպլոմ, իսկ 1987 թ․ դարձել «Նեֆթչի» (Ֆերգանա) թիմի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ակումբը դարձել է ուզբեկական ֆուտբոլի դրոշակակիրը՝ նվաճելով 5 չեմպիոնական տիտղոս (1992-1995 թթ․ և 2001 թ․) և Ուզբեկստանի 2 գավաթ (1994 թ․, 1996թ․):
Սարգսյանը մարզել է Ուզբեկստանի հավաքականը նաև 1996 և 2000 թթ․՝ դառնալով առաջին հայը, ով ազգային թիմը դուրս է բերել միջազգային մրցաշար։
«Նեֆթչի»-ում 26 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Սարգսյանը դարձել է իսկական լեգենդ։ 2013 թ․՝ մի շարք անհաջող հանդիպումներից հետո, նա պաշտոնաթող արվեց, ինչը բուռն արձագանք առաջացրեց երկրպագուների շրջանում։ Շատերը նրան անփոխարինելի էին համարում, իսկ ուզբեկական լրատվամիջոցները նրան անվանում էին «Ուզբեկստանի Ֆերգյուսոնը»՝ համեմատելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ։
Յուրի Սարգսյանը պարզապես ֆուտբոլիստ և մարզիչ չէ, այլ մարդ, ով ձևավորել է ուզբեկական ֆուտբոլը։ Նա հինգ անգամ ճանաչվել է Ուզբեկստանի տարվա լավագույն մարզիչ և ստացել շքանշաններ՝ սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար։