Ուզում եմ սատարել արցախցիներին՝ ապացուցելով, որ 2018-ին կատարվածը չարիք էր. արգենտինահայ գործիչ
12 Օգոստոսի 2023, 00:00
Արգենտինայում հայ համայնքը 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ էր այնքան, որքան 2018թ-ի հեղափոխության օրերին, սակայն այսօր՝ Արցախում տիրող իրավիճակի ֆոնին, համայնքը, կարծես, «մեռած» լինի: Alpha News-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել արգենտինահայ մշակութային գործիչ Վրույր Սարգսյանը:
«44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ էր Բուենոս Այրեսի հայ համայնքը, ինչպես ակտիվ էր 2018 հեղափոխության ժամանակ՝ ինձ համար դժբախտ իրադարձությունների օրերին։ Հիմա՝ ոչ»,- նշել է նա՝ հավելելով, որ, իհարկե, կան մտահոգ, քունը կորցրած մարդիկ, բայց ցավոք, նրանք սակավաթիվ են:
«Համայնքը, եթե չասեմ մեռած, բավականին պասիվ է»,-արձանագրել է սփյուռքահայ գործիչը եւ շարունակել. «Ես արցախցիներին, որոնք կարծես թե հայկականության միակ բաստիոնն են, ուզում եմ սատարել ամեն կերպ՝ հոգով, սրտով, մտքով՝ գոնե մեկ հոգու ապացուցելով, որ 2018-ին կատարվածը չարիք էր մեր գլխին։ Արցախցիներին մաղթում եմ տրամաբանություն, խոհեմություն, իմաստություն՝ այդ բոլորը համեմված պայքարի անկոտրում կամքով»: