Ով կշահարկի Արցախի լուծարման մասին հրամանագիրը, նա ադրբեջանական գործակալ է Հայաստանում․ Դավիթ Գալստյան

25 Դեկտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Արցախի գործող ինստիտուտները որևէ վտանգ Հայաստանի իշխանության համար չեն ներկայացնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Ես չեմ տեսել այն հրամանագիրը, որով իբր թե Արցախը պիտի լուծարվի հունվարի 1-ից։ Մենք պետք է ոչ թե ինչ-որ թղթի հղում անենք ու ասենք՝ այս թուղթը գոյություն ունի, կամ ոչ, այլ մենք այսօր մեր գործունեությամբ վառ վկայությունն ենք, որ Արցախի Հանրապետության ինստիտուտները գործում են Հայաստանում՝ թեկուզ չվարձատրվող հիմունքներով։ Ի պատասխան իշխանական պաշտոնյաների՝ պիտի հստակ հասկանանք, որ Արցախի գործող ինստիտուտները որևէ վտանգ Հայաստանի իշխանության համար չեն ներկայացնում և մրցակից չեն։

Ադրբեջանն, այսպես ասած, խաղաղության պայմանագրի շրջանակներում նախկինում ուներ նախապայման, որ դրա մեջ պետք է ներառված չլինի Արցախը, Լեռնային Ղարաբաղը, կամ Արցախի որևէ ինքնորոշման իրավունք կամ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, հիմա տեսնում ենք, որ դա միակ նախապայմանն է։ Այն բանից հետո, երբ այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են ասել, որ Արցախն այլևս չկա, և ընդունում են Ադրբեջանի այդ նախապայմանը, տեսնում ենք հաջորդ նախապայմանը, որ սահմանազատում չպետք է պարտադրվի այդ պայմանագրով»,- ասել է Գալստյանը։

Մեր զրուցակցի որակմամբ՝ ով կշահարկի Արցախի լուծարման մասին հրամանագիրը, նա ադրբեջանական գործակալ է Հայաստանում․

«Ես համոզված եմ, որ այդ հրամանագիրը չեղարկված է։ Ով կշահարկի սեպտեմբերի 28-ի այդ հրամանագիրը, թե իբր Արցախի պետական ինստիտուտները լուծարված են, ապա նրանք ադրբեջանական գործակալներն են Հայաստանի հավաքական դաշտում։ Այս ամենից ելնելով՝ մենք չպետք է ինչ-որ փաստաթղթի հղում անենք։ Ուղղակի պետք է մեր գործով, ամենօրյա աշխատանքով ցույց տանք, որ մենք կանք, գործում ենք և շարունակելու ենք գործել, որովհետև դա բխում է հայկական շահերից»,- նշել է Արցախի ԱԺ պատգամավորը։

Դավիթ Գալստյանը հորդորել է ՀՀ իշխանություններին չխոչընդոտել Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը։

«Ես համոզված եմ, որ այդ լուծարման փաստաթուղթը ձեռնտու է միայն ու միայն Ադրբեջանին։ Չեմ ուզում մտածել, որ կա որևէ հայ, որին այդ փաստաթուղթը ձեռնտու կլինի։ Եթե իշխանություններն այսօր չեն սպասարկում Ադրբեջանի շահերը, եթե չեն օգնում Արցախի պետական ինստիտուների հետագա գործունեությանը, գոնե չխոչընդոտեն։ Կոչ եմ անում այն մարդկանց, որ հիմք ընդունելով, այսպես ասած, լուծարման փաստաթուղթը, փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել կամ մոլորեցնել հանրությանը, թե Արցախի նախագահը լուծարել է Արցախը, ասեմ, որ նախագահը նման լիազորություններ չունի»,- եզրափակել է Դավիթ Գալստյանը։

Հիմա եթերում