Օվերչուկի այցը Երևան ազդանշան է՝ Ռուսաստանը Հայաստանին տեսնում է որպես դաշնակից․ Պավել Դանիլին
22 Օգոստոսի 2025, 22:30
Ռուս քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի միջև կայացած հանդիպումը։
Քաղաքագետի կարծիքով՝ Օվերչուկի այցը Երևան ազդանշան է այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին տեսնում է որպես դաշնակից և ցանկանում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը պահպանվի։
«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, և երբ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը մեկնեց Երևան՝ հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ, դա ևս մի ազդանշան էր, որը ցույց է տալիս՝ մենք այդ երկրին դիտարկում ենք որպես դաշնակից և կցանկանայինք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը պահպանվեր։ Ընդ որում, մենք, իհարկե, Հայաստանին ուղղված որոշ հարցեր ունենք։ Օրինակ, թե որքանով է նրա այս նոր քաղաքականությունը համապատասխանելու ԵԱՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հիշեցնեմ, որ 2013 թվականին Ուկրաինայի հետ հարաբերությունների առանցքային խնդիրն այն էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Մաքսային միությունը, որի անդամ էր Ուկրաինան, ուղղակի կփլուզվեր։ Ուստի կցանկանայինք, իհարկե, որ Փաշինյանի գործողությունների, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունների արդյունքում նման իրավիճակ չստեղծվեր»,- ասել է Դանիլինը։