Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանին տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքի համար

07 Նոյեմբերի 2025, 13:05

Տնտեսություն և Բիզնես

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև իր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։

Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի տարածք առաջին անգամ Ռուսաստանից հասել է հացահատիկով բեռնված գնացքը, որն անցել է Ադրբեջանով և Վրաստանով։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ համատեղ աշխատանքի, ինչպես նաև Վրաստանին՝ տվյալ երթուղով փոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված դրույթների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի հետևանքն է։