Ողբերգությունը ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհնարինության մեջ է. եվրապատգամավոր Լարս Բերգ
23 Նոյեմբերի 2023, 20:15
Էներգառեսուրսների գործոնը պատճառներից մեկն է, թե ինչու Արցախի խնդիրը վերացավ Բրյուսելի և Ստրասբուրգի քաղաքական օրակարգից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։
«Եվրոպական միությունը Ուկրաինայում պատերազմի պատճառով փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը, և դա երևում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունից մեկ տարի առաջ, երբ Բաքվում նա նախագահ Ալիևին անվանեց «հուսալի գործընկեր»: ԵՄ-ն կախված է բնական ռեսուրսներից, հատկապես նավթից և գազից, և քաղաքական որոշումների պատասխանատուները չեն ցանկանում ռիսկի դիմել և դադարեցնել էներգառեսուրսների փոխանցումն ու բաշխումը ԵՄ: Ցավոք, ինչպես նշեցի, Արցախի խնդիրը վերացել է ընդհանուր քաղաքական օրակարգից», — նշել է Բերգը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում երկրների ղեկավարների և նախարարների մակարդակով արձագանք է եղել արցախահայությանը պատուհասած ողբերգությանը, և նշվել է տեղի ունեցածի անընդունելիությունը:
«Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է հայկական դիրքորոշումը, ինչպես նաև ֆրանսիացի պատգամավորները, քաղաքապետերը, ԱՄՆ Կոնգրեսում նույնպես համերաշխություն են հայտնել հայկական դիրքորոշմանը, և նույնիսկ ԵՄ-ում Արցախի բարեկամները շատ են։ Բայց բանն այն է, որ ձայները պետք է կանոնակարգել և պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ես կողմ եմ արտահայտվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն Բրյուսելում և Ստրասբուրգում, բայց դա անելը շատ դժվար է։ Եվ առաջիկայում ես հնարավորություն չեմ տեսնում, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի, դա ցավալի է և այս ամենը ողբերգություն է», — ասել է պատգամավորը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն և անդամ երկրները պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն հատկապես Արցախից փախստականների հարցում: