Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը կնպաստի խաղաղությանը Հարավային Կովկասում․ Մեթյու Միլլեր
24 Հոկտեմբերի 2023, 12:10
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ով է դրանք հյուրընկալում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Թեհրանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցնող լրագրողներից մեկը նշել է, որ Թեհրանը հյուրընկալել է հնգակողմ հանդիպում, որի մաս են նաև Թուրքիան ու Ռուսաստանը ու նրանք էլ քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարցը։ Նա պետդեպի խոսնակին խնդրել է մեկնաբանել այդ հանդիպումը, որին ի պատասխան՝ Միլլերը նշել է․
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք։ Սրանով հանդերձ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին վստահելի գործընկեր չենք համարում»,- ասել է Միլլերը։