«Պահանջում ենք՝ իջեցնեն սակագինը». ակցիա՝ Կառավարության դիմաց

18 Փետրվարի 2025, 15:40

Տնտեսություն և Բիզնես

Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության դեմ, պահանջում են սակագների իջեցում:

«Պահանջում ենք չեղարկել այդ որոշումը, սակագինն իջեցնել, մեր ջուրն էլ կմնա մեզ, չի հոսի Թուրքիա: 2018թ-ին գրություն ենք ուղարկել վարչապետին, ինքն էլ պետք է հանձնաժողով ստեղծեր, որ վերանայեին այդ պայմանագիրը, մինչև հիմա հարցը չի լուծվել: 4 դատական հայց կա «Վեոլիա ջուր» ընկերության դեմ, որ մեր ջուրը ապօրինի գնում է Թուրքիա»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Էներգոտեխնիկա» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Ավետիսյանը։

Նա ընդգծել է՝ Շիրակի նոր մարզպետը ծանոթ է իրավիճակին, բայց ոչ մի փոփոխություն չկա:

«Մի կետից է ղեկավարում այս պետությունը։ Բոլորը՝ դատավորներ, դատախազներ, եթե հոսանքին հակառակ գնան, ուրեմն պետք է աշխատանքից զրկվեն։ Այս վիճակն է։ Անտերություն է։

Շիրակում նոր մարզպետ են նշանակել, ավելի լավ է փողոցից ցանկացած մեկին դնեին: Մոտեցել եմ իրեն, բացատրել եմ, բայց ոչ մի արդյունք։ Ասել է՝ հեռախոսահամարդ կվերցնենք, կզանգահարենք, անցել է 15 օր, մինչև հիմա զանգում են: Այստեղից շարժվելու ենք գլխավոր դատախազություն, հետո Ֆրանսիայի դեսպանատուն»,- նշել է Գուրգեն Ավետիսյանը։