Պահանջում ենք պահպանել ժողովրդի խաղաղ, առանց զենքի՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը. ԳԿԽ վարչություն
03 Հունիսի 2024, 11:19
Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման 106-ամյակի օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած «ոստիկանական անթույլատրելի ու ամոթալի գործողությունները, որոնցով փորձ է արվել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր, որի նպատակն էր աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար»։
«Նաև մտահոգված ենք Հայաստանում տիրող իրավիճակով և պահանջում ենք պահպանել ժողովրդի խաղաղ, առանց զենքի՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ: