Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

06 Նոյեմբերի 2023, 14:00

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Այս մասին կոնգրեսականը հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։

«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», — գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։