Փափազյանը փորձում է ցույց տալ Փաշինյանին՝ կարող է ինչ-որ բաներ ասել, որոնք նրա համար խնդրահարույց կլինեն. Բադալյան
22 Սեպտեմբերի 2025, 20:10
Շատ ուշագրավ է, որ Դավիթ Փափազյանը խախտում է լռությունը «ԱՆԻՖ»-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) թեմայի վերաբերյալ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այս լռությունը խախտելու հանգամանքը: Առաջին հերթին, մտաբերենք այն, որ Դավիթ Փափազյանի վերաբերյալ մամուլում հայտնվեցին տեղեկություններ միջազգային սկանդալի մասին: Ասում էին՝ նա ներգրավված է որոշ հասարակական մարդասիրական կազմակերպություններում, որոնց արաբ իրավապաշտպանները մեղադրում են Գազայում Իսրայելի հանցագործություններին աջակցելու մեջ»,- հայտնել է Հակոբ Բադալյանը:
Նա նշել է, որ այդ պատմության հետքերով ՀՀ քննչական կոմիտեն նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել:
Բադալյանը կարծում է, որ այս կերպ Փափազյանը փորձում է պաշտպանվել և ցույց տալ Փաշինյանին, որ կարող է ինչ-որ բաներ ասել, որոնք նրա համար խնդրահարույց կլինեն, եթե իր դեմ իրավական գործընթացը շարունակվի:
«Փափազյանն ընդամենը փորձում է լուծել ինքնապաշտպանության հա՞րցը, թե՞ սա կարող է լինել շատ ավելի մեծ խաղի առիթ»,- հարցադրում է արել քաղաքական մեկնաբանը՝ հավելելով, որ սա առավել տեսանելի կլինի իրադարձությունների հետագա զարգացումից հետո:
Մանրամասները տեսանյութում: