«Փարաջանովյան օրեր»՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում
09 Դեկտեմբերի 2024, 12:07
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է «Փարաջանովյան օրեր» խորագրով միջոցառում՝ ի նշանավորում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի։ Այս մասին հայտնում է Աթենքում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառումների շարքը մեկնարկել է դեկտեմբերի 3-ին Միխալիս Կակոյանիս հիմնադրամի սրահում, որտեղ ողջույնի խոսքով ներկաներին դիմել է հիմնադրամի մշակութային ծրագրերի և միջազգային համագործակցության համակարգող Ալեքսանդրա Գեորգոպուլոն, ինչին հաջորդել է ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի (1979, 1989) «Աշխարհումս» ֆիլմ-էսսեն և Փարաջանովի (1967թ.) «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմերի դիտումը։
Ներկաները հիմնադրամի կենտրոնական սրահում հնարավորություն են ունեցել դիտել մեծ արվեստագետի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը, որոնք ներառում էին տարբեր ժամանակների Փարաջանովի նկարները և «Համլետ»-ի ներկայացման բացառիկ էսքիզների լուսանկարները։
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլիմի ցուցադրությունը և ֆիլմի վերաբերյալ քննարկում։
«Փարաջանովի աշխարհներ և սցենարներ. Նամակներ բանտից» գրքի համահեղինակ և թարգմանչուհի Իլզե Պաեգլե-Մկրտչյանը ներկայացրե է ֆիլմի ստեղծման նախապատմությունը և ներկայացրել մեկնաբանություններ ֆիլմի որոշ դրվագներից։ Միաժամանակ նա անդրադարձել է Փարաջանովին ոչ միայն որպես ռեժիսորի և արվեստագետի, այլ նաև գրողի՝ ներկայացնելով նրա սցենարներից և նամակներից որոշ հատվածներ։