Պարիի ՆՆ-ն հայտարարել է Ծառուկյանի՝ «Ալանիայից» տեղափոխության մասին

22 Հունվարի 2024, 00:43

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը դարձել է «Պարի Նիժնի Նովգորոդի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը երեքուկես տարով պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի հետ։

«Շատ ուրախ եմ, որ միացա իմ նոր թիմին։ Զգացմունքները միայն դրական են: Միշտ երազել եմ խաղալ ՌՊԼ ակումբում, իսկ հիմա երազանքներս իրականություն են դարձել։ Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին։ Կփորձեմ օգուտ տալ թիմին և օգնել նրանց լուծել մրցաշրջանի համար դրված խնդիրները։ Ես հավատում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի,- Ծառուկյանի խոսքն է մեջբերում Pari NN մամուլի ծառայությունը։

Վալերի Ծառուկյանի նախորդ ակումբը եղել է Վլադիկավկազի Ալանիան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Պարի Նիժնի Նովգորոդ» տեղափոխության տրանսֆերի գումարը կկազմի մոտ 20 մլն ռուբլի։