Փարիզի Պիկասոյի թանգարանում ցուցադրվում է Երվանդ Քոչարի տարածանկարը

01 Փետրվարի 2024, 20:00

Մշակույթ

Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l’appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia…» ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի  1934թ. ստեղծած տարածանկարը: Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից։

Ռոզենբերգը այն բնակարանում, որտեղ  ապրում էր կնոջ և դուստրերի հետ, յուրաքանչյուր սենյակ ձևավորել էր մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացել էին այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվել էին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում…

Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա՝ 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին,  նույնպես ներառված է այս ցուցադրությունում:

Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը: