Փարիզն անվերապահ հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը․ Ֆրանսիայի ԱԳՆ

10 Փետրվարի 2024, 19:23

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպման արդյունքները։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ըստ հաղոդրագրության՝ Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար:

Նշվում է նաև, որ նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները: Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։

«Արդար և հարատև խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգանքի դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։