Պարույր Սևակ-100․ Տարին սևակյան է

24 Հունվարի 2024, 21:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Պարույր Ռաֆայելի Ղազարյանը, ավելի հայտնի որպես Պարույր Սևակ, ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Չանախչի գյուղում (այժմ՝ Զանգակատուն գյուղ), որտեղ նրա ընտանիքը փախել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայից։

Պարույրը դպրոցում լավ է սովորել, ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը, ապա՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։

Սևակի բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են 1942 թվականին «Սովետական գրականություն» ամսագրում։ Հենց այդ ժամանակ էլ բանաստեղծը վերցրել է Սևակ կեղծանունը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած հայ գրող Ռուբեն Սևակի, որի ստեղծագործությամբ հիացած էր։

Նա ուսումը շարունակել Մոսկվայի Ա.Գորկու անվան գրական ինստիտուտում, որտեղ աշխատել է նաև որպես ուսուցիչ՝ մինչև 1959 թվականը։ Այդ ժամանակ Պարույրն ամուսնացել է Նինա Մենաղարիշվիլիի հետ և ունեցել երկու որդի՝ Արմենն ու Կորյունը։ Սևակն առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Հրաչյան։
1960 թվականին բանաստեղծը վերադարձել է Երևան և դարձել Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966–1971 թվականներին եղել է ՀՍԳ միության վարչության քարտուղար, 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

Սևակի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ նրա ծնողները փախել են Արևմտյան Հայաստանից՝ փրկվելով Ցեղասպանությունից։ Բանաստեղծի մտորումները ցեղասպանության մասին արտացոլված են «Անլռելի զանգակատուն» և «Եռաձայն պատարագ» պոեմներում՝ նվիրված ցեղասպանության 50-րդ տարելիցին։

Սևակը նաև հայերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերը։

Պարույր Սևակի ստեղծագործությունները հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, չեխերեն, հունգարերեն և այլ լեզուներով։

Պարույր Սևակը կյանքից հեռացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից՝ հայրենի Չանախչի գյուղից Երևան վերադառնալիս։ Նա թաղված է հայրենի գյուղում: