Փա՛ռք Աստծուն, որ այսքան ուժեղ ենք, արարող ու վերստին ստեղծող. ստեփանակերտցի Մարատ
23 Օգոստոսի 2023, 09:17
Մարատ Մեհրաբյանը Ստեփանակերտ քաղաքից է։ Երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախը շրջափակվեց Ադրբեջանի կողմից, Մարատը շատ-շատերի նման որոշեց հողագործությամբ զբաղվել: Պետք է հույսը նախևառաջ դնել սեփական ուժի ու արտադրանքի վրա։
Այգեստանի վարչական տարածքում մոտ 6000 քառ. մետր հողատարածքի վրա սկսեց իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։ Մտածում էր՝ ընտանիքի կարիքները կհոգա և, ինչու չէ, կկարողանա նաև ավելցուկն իրացնել։
Առաջին անգամ է նման գործունեություն ծավալում։ Ցանեց կարտոֆիլ, լոբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ։ Արդեն վաղահաս կարտոֆիլն ու լոբին պիտի հավաքեր, սակայն հունիսի 30-ին տեղացած կարկուտն ու սելավները միանգամից գետնին հավասարեցրին հողագործի աշխատանքի արդյունքը։ Ինչպես ինքն է ասում՝ ընդամենը մի քիչ կարտոֆիլ փրկվեց, բարեբախտաբար, կարողացավ վաճառքի հանել։ Ամեն ինչ սկսեց զրոյից…
«Տեղատարափ կարկուտն ու անձրևը միանգամից ջուրը գցեցին մեր չարչարանքը։ Մեր բանջարանոցը մի քանի րոպեի ընթացքում դարձավ ամայի տարածք։ Իհարկե, սկզբից հուսահատվեցինք, ապա մտածեցինք, որ միևնույն է՝ պետք է հասնենք մեր նպատակներին։ Սկսեցինք նորից փորձել ու կենդանություն տալ բանջարանոցին։ Փա՛ռք Աստծո, ստացվեց։ Ինքներդ եք տեսնում, թե ինչպես են վերակենդանացել բանջարաբոստանային կուլտուրաները։ Հետզհետե ավելացրել ենք սածիլների քանակը, տարել ենք համապատասխան խնամք։ Ինչ խոսք, շատ ենք չարչարվում, սակայն ո՞ր աշխատանքն է, որ ջանք ու եռանդ չի պահանջում,- artsakhtert-ի հետ զրույցում ասում է հողագործն ու շարունակում.
«Այսօր շատ ծանր ու դժվար ժամանակներ ենք ապրում, բայց փա՛ռք ենք տալիս Աստծուն, որ այսքան ուժեղ ենք, արարող, վերստին ստեղծող…»:
Մարատին օգնում են հայրը, կինը, տղան ու աղջիկը։ Ինչպես ինքն է ասում, երբ ընտանիքում սեր ու ջերմություն է տիրում, ցանկացած դժվարություն հաղթահարելի է։
Մարատը մտադիր է ընդլայնել հողատարածքը և ավելացնել մշակվող բանջարաբոստանային կուլտուրաների տեսականին, միայն թե, շուտ ավարտվի Արցախում տիրող անորոշությունը, և արցախցին կարողանա ապրել, արարել անվտանգ ու խաղաղ երկրում։