Պարտադրված քայլ՝ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը ոչ մի բանի մասին էր. փորձագետ

06 Հուլիսի 2023, 21:05

Քաղաքականություն

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն այսօր պարտադրված է եղել պարզաբանել օրեր առաջ արած իր սկանդալային հայտարարությունը:

Alpha News-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ դեսպանն այդ պարզաբանումը տարածել է Արցախից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Սփյուռքից հնչող կոշտ արձագանքների պատճառով:

«Այս պարզաբանումը պատասխան էր այն արձագանքներին, որ եղան իր հայտարարության վերաբերյալ, թե արցախահայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում: Այս պարզաբանումը, սակայն, ոչ մի բանի մասին էր: Բոլոր այն ռիսկերն ու խնդիրները, որ մենք օրեր առաջ տեսել էինք դեսպանի հարցազրույցում՝ չլուծվեցին»,- ասաց Հերմինե Մխիթարյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ դեսպանի սկանդալային հայտարարությունը խնդրահարույց էր:

Մխիթարյանը կարծում է, որ դեսպանն այդ հայտարարությամբ հակասեց ոչ միայն այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ-ն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այլեւ հակասեց ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի որդեգրած քաղաքականությանը:

«Աբսուրդային մի հայտարարություն էր, երբ Արցախը 6 ամսից ավելի, շրջափակման մեջ է, մարդու տարրական իրավունքները ոտնահարվում են, Ադրբեջանը կիրառում է ուժի սպառնալիք, ռազմատենչ հայտարարություններ է անում , այդ ֆոնին ԱՄՆ-ի դեսպանն ասում է, որ հնարավոր է արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում անվտանգ ապրելը: Սա իսկապես կանխորոշում է գործընթացի ելքը»,- ասաց Հերմինե Մխիթարյանը:

Փորձագետը հիշեցնում է՝ ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջնորդվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի լուծմամբ, որը ենթադրում է կարգավորման երեք սկզբունք՝ ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

«Այս սկզբունքները հավասար կերպով դրված էին արդարացի կարգավորման հիմքում, իսկ այսօր ԱՄՆ-ի դեսպանը հակասում է իր պետության որդեգրած քաղաքականությանը: Պատճառը առկա շահերն են. ԱՄՆ-ն մեկ նպատակ ունի այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի հետ մրցակցությունը եւ նրանց դուրս մղումը այս տարածաշրջանից»,- հավելեց Հերմինե Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում  հնարավոր էր համարել արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում խաղաղ եւ անվտանգ ապրելը:

Այս հայտարարությունը Հայաստանում ու Արցախում բացասական էր ընկալվել:

Արցախի արտգործնախարարությունն արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թեեւ կարեւորել էր ԱՄՆ-ի երկարամյա միջնորդական դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, այդուհանդերձ կարծիք էր հայտնել, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։

Այսօր արդեն Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը պարզաբանել է իր սկանդալային հայտարարությունն ու ընդգծել, որ «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տեւական, կայուն եւ կապահովի հիմքեր խաղաղության համար»: