Փասադենայի հայկական կոալիցիայի նախաձեռնությանբ կանցկացվի 2-րդ համահամայնքային մշակութային փառատոնը

06 Նոյեմբերի 2025, 19:00

Մշակույթ

2024 թվականի հաջողությունից հետո, Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան նոյեմբերի 15-ին կանցկացնի 2-րդ համահամայնքային մշակութային փառատոնը՝ վերակենդանացնելով մշակույթի, միասնության և ավանդույթների տոնը:

Նշենք, որ անցյալ տարի փառատոնին մասնակցել է ավելի քան 4000 մասնակից, ավելի քան 15 կատարող, ինչպես նաև փառատոնի շրջանակներում բացվել է ցուցահանդես-տոնավաճառ՝ լ է 50-ից ավելի տաղավարով։

Հանգանակված բոլոր միջոցները հավասարապես կբաշխվեն Փասադենայի հայկական երեք մասնավոր դպրոցների՝ «Սահակ-Մեսրոպ» հայկական քրիստոնեական դպրոցի, Հովսեփյան հայկական դպրոցի (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Ալֆրեդ և Մարգրիթ Հովսեփյան վարժարան) և Լ&Հ Տավլեան հայկական նախակրթարանի և մանկապարտեզի միջև:

«Փասադենայում առաջին հայկական փառատոնն ինձ համար իսկական բացահայտում էր։ Ես քայլում էի տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր՝ ձեռագործ աշխատանքներից մինչև զարմանալի համեղ ուտեստներ: Այդ օրն ինձ հիշեցրեց, թե որքան ամուր և հյուրընկալ է Փասադենայի մեր հայկական համայնքը», — ասել է համայնքի անդամ Արփի Ասադուրյանը:

Այս տարի ևս, Փասադենայի հայկական փառատոնում տեղի կունենան արվեստի և արհեստների ցուցադրություններ, սննդի վաճառք, պարի դասընթացներ և մի շարք մշակութային ներկայացումներ, որոնք կապահովեն ինտերակտիվ շփում՝ հնարավորություն ընձեռնելով համայնքի անդամներին զգալ հայկական մշակույթի ողջ հարստությունը:

Փասադենայի հայկական փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Փասադենայի քաղաքապետարանի Centennial Plaza հրապարակում, ժամը՝ 10:00-17:00:

Մուտքն ազատ է, բոլոր ցանկացողները կարող են միանալ տոնակատարությանը։