Փասադենայում կայանալիք համերգին հայկական դուդուկը կհնչի նորովի. Էմմանուել Հովհաննիսյան
13 Նոյեմբերի 2024, 13:00
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է Փասադենայում կայանալիք համերգի և տեղեկացրել, որ այն լինելու է կենդանի հնչողությամբ։
«Ոչ թե կոնկրետ որևէ երաժիշտի կամ արտիստի մենահամերգն է, բեմից ելույթ է ունենալու դուդուկահարների մի ամբողջ աստղաբույլ՝ Տիգրան Զաքարյան, Նորայր Առաքելյան, Դավիթ Սահակյան։ Համերգին նաև ես կնվագեմ։ Բացի այդ, ելույթ են ունենալու ամերիկահայ երիտասարդ դուդուկահարներ, որոնք նոր են մտել այս ասպարեզ: Կմասնակցեն նաև երգիչներ, այդ թվում՝ Արաքսյա Ամիրխանյանը, ինչպես նաև հանդես կգա «Հայկյան» երգչախումբը։
Համերգի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել դուդուկը՝ բոլորիս ականջին արդեն ծանոթ հնչողությունից դուրս»,- ասել է Էմմանուել Հովհաննիսյանը:
Նա հավելել է, որ դուդուկը հնչելու է տարբեր երաժշտական ժանրերում , ինչը դուր կգա ներկաներին:
«Դուդուկը հնչելու է ջազային կամ ժամանակակից երաժշտության մեջ, կներկայացվեն ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն հնչել, կլսեք նաև արդեն ծանոթ գործեր: Մի խոսքով՝ երաժշտության բազմազանությունը կբավարարի բոլորին: Համերգն ամբողջությամբ լինելու է կենդանի հնչողությամբ, չկա որևէ հատված, որ նախապես ձայնագրված է»,- եզրափակել է Էմմանուել Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փասադենայում կկայանա հայկական ծիրանափողին՝ դուդուկին նվիրված համերգ։ Այն բացառիկ է նրանով, որ հայկական նվագարանը կներկայացվի նորովի․ ժողովրդական սիրելի մեղեդիների հետ մեկտեղ դուդուկը կհնչի երաժշտական տարբեր ժանրերում՝ ջազային, դասական և ժամանակակից։ Միջոցառման ընթացքում տեսանյութերի միջոցով կներկայացվի նաև դուդուկի պատմությունը։