«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը՝ Երևանում

08 Հունիսի 2024, 17:55

Մշակույթ

«Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողը բացվել է Երևանում 2015 թվականի ապրիլի 30-ին և տեղադրվել Վահագն Դավթյանի անվան զբոսայգում:

Քանդակը մարմնավորում է լենինգրադցի տղային պատսպարած հայ կնոջ կերպարը, ինչպես նաև խորհրդանշում է Խորհրդային Հայաստանում ապաստան գտած բազմաթիվ երեխաների հանդեպ հոգատար վերաբերմունքը:

Ըստ տարբեր աղբյուրների՝ շրջափակված Լենինգրադից Հայաստան են տարհանվել մանկատների ավելի քան 200 (որոշ տվյալներով՝ 500) սաներ: 1942-ի ձմռանը Լենինգրադի թիվ 51 մանկատնից սովից թուլացած 120 երեխա բերվել է Սանահին գյուղ։ Հուշահամալիրը տեղադրվել է ի երախտագիտություն Հայաստանի՝ Լենինգրադի շրջափակումը հրաշքով վերապրած բազմաթիվ երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Հուշարձանը պատրաստված է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանից բերված սև գրանիտից։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին, ճարտարապետները Տիգրան Բարսեղյանն, Անատոլի և Լադա Չեռնովներն են։