Փաշինյանի աջակցությունը Վրաստանի ամբողջականությանը հակասում է Աբխազիայի ինքնիշխանությանը. Ասլան Բժանիա
27 Նոյեմբերի 2023, 09:50
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Բժանիայի մեկնաբանությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը։
«Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ միանշանակ պաշտպանել է Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին»,- ասվում է նախագահի մեկնաբանության մեջ։
Նա հիշեցրել է Փաշինյանին, որ Աբխազիայում հարգում են ողջ հայ ժողովրդին, որի մի մասն իր փրկությունն է գտել Աբխազիայի անցյալի ողբերգական իրադարձություններից։
«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը», — ընդգծել է նա։
Ըստ Բժանիայի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
«Այսպիսով, հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի համար, որը վերահսկում է իր ողջ տարածքը՝ որպես ժողովրդավարական պետություն, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից։ Միևնույն ժամանակ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը՝ իր վարչապետի աջակցությամբ, չեն համապատասխանում նշված բոլոր հատկանիշներին», — նշել է նախագահը և Հայաստանի ղեկավարությանը կոչ արել «հրաժարվել ինդոկտրինացված հռետորաբանությունից և սկսել հաշվի առնել իրերի փաստացի վիճակը իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնելիս։