Փաշինյանի անլուրջ վարքի հետևանքով ՀՀ-ի փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնելու․ Գրիգոր Բալասանյան
13 Սեպտեմբերի 2024, 21:50
Հույս ունեմ, որ Օվերչուկին կհաջողվի հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել բնականոն ընթացքի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպմանը։
«Հույս ունեմ, որ Օվերչուկին կհաջողվի հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել բնականոն ընթացքի ու փրկել վերջնական ձախողումից։ Ամեն դեպքում, սահմանազատման և սահմանագծման հարցը, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ռուսական տարբերակի, այսինքն՝ երթուղիների ապաշրջափակման հարցը քննարկվել է Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ»,- նշում է միջազգայնագետը։
Բալասանյանի խոսքով՝ սահմանին ռուս սահմանապահների առկայությունը միայն Հայաստանի որոշելու հարցը չէ։
«Հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կանգնելը միայն Հայաստանի որոշումը չէ, որովհետև հայ-թուրքական սահմանը արտաքին սահման է։ Այդտեղ, ինչպես Տաջիկստանի, Աֆղանստանի սահմանին ռուս սահմանապահների կանգնելը որոշվել է միջպետական համաձայնագրերի ու ԱՊՀ որոշումների հիման վրա։ Հետևաբար, այնպես չէ, որ Հայաստանը վաղը կարող է ասել՝ չէ, չենք ուզում, վեր կացեք, գնացեք։ Վարչապետի խոսքը ԱԺ-ում ակնարկ էր, բայց հայտնի չէ, թե որտեղ կկանգնեն ռուս սահմանապահները»,- ասել է Գրիգոր Բալասանյանը։
Ըստ միջազգայնագետի՝ Ազգային ժողովում Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետի մասին խոսելը լուրջ չէ։
«Այսպիսի քննարկումը լուրջ չէ, բայց վարչապետը կամա թե ակամա չհերքեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Հայաստանը չի կատարելու»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը։