Փաշինյանի այցը Մոսկվա արձագանք ու պատասխան է Արևմուտքի անարդյունավետությանը. Հակոբ Բադալյան
25 Դեկտեմբերի 2023, 23:31
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Փաշինյանը կարող էր չգնալ ՀԱՊԿ նիստերին, բայց Մոսկվա չգնալու հիմնավոր պատճառ չուներ։
«Հայաստանը Ռուսաստան չգնալու հիմնավոր պատճառ, ըստ էության, չուներ: Եթե օրինակ ՀԱՊԿ դեպքում Հայաստանի դիրքորոշումը պայմանավորվում էր կազմակերպության դիրքորոշմամբ և այստեղ թեպետ կարծիքները կարող են լինել տարբեր, բայց բացատրությունը որոշակի հենք կարող էր ունենալ, ապա այս պարագայում Երևանը թերևս չէր կարող չմեկնելը ենթարկել հիմնավոր բացատրության, ինչը քաղաքականության մեջ չափազանց կարևոր հանգամանք է: Ես, իհարկե, ամենևին այն կարծիքին չեմ եղել, որ հայ-ռուսական հարաբերությունը բավականին մեծ լարվածության փուլում է: Անկասկած, կան էական խնդիրներ և այդ խնդիրները բավականին խորքից են հասունացել, նկատի ունեմ ժամանակահատվածը»,- ասել է Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանը նկատում է՝ խնդիրները չպետք է պատճառ դառնան հայ-ռուսական հարաբերությունների խզման։
«Խնդիրներն ամենևին չպետք է ենթադրեն հայ-ռուսական հարաբերության ու աշխատանքի խզում, առավել ևս՝ բարձր մակարդակով: Որովհետև գործնականում հայ-ռուսական հարաբերության ինստիտուցիոնալ հանգամանքը միշտ եղել է խնդրահարույց և այդ հարաբերությունը մեծ հաշվով բռնվել է բարձր մակարդակով փոխհարաբերությունից, այսինքն՝ երկրների ղեկավարների փոխհարաբերությունից: Այդ աշխատանքային միջավայրը, կարծում եմ, չափազանց կարևոր է:
Առաջին հերթին, ուշադրությունը կենտրոնանում է նրա վրա, թե այդ հանդիպումներն ինչ նշանակություն կունենան Հայաստան-Ադրբեջան գործընթացում:Մեծ սպասելիքներ ունենալու հիմքեր այսօր չկան: Բնականաբար, հարցը կլինի առանցքայիններից մեկը, բայց կարծում եմ՝ ավելի լայն, ռեգիոնալ իմաստով քննարկումներ կլինեն: Ընդհանրապես, այսօր մի իրավիճակ է, որ թերևս որևէ այդպիսի հանդիպման պարագայում պարզապես պետք է ակնկալել՝ կլինի արդյունավետ դիվանագիտական աշխատանք՝ դիցուք Հայաստանից»,- ասել է մեր զրուցակիցը:
Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը պատասխանն էր Արևմուտքի անարդյունավետությանը։
«Պետք է սպասել, որ առնվազն բարձր մակարդակում լինի այնպիսի փոխըմբռնում, որը Հայաստանին թույլ կտա որոշակի աստիճանով ապահովել սեփական շահերի պաշտպանությունն այն բարդ միջավայրում, որ այսօր կա ռեգիոնում և դրա շուրջ: Ըստ իս, Երևանից Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, պետք է նկատել այն, որ արևմտյան հարթակներում մենք տեսնում ենք տեղապտույտ՝ Ադրբեջանը հրաժարվում է մեկնել, Արևմուտքը մեծ հաշվով կամ չի ուզում, կամ չի կարող Ադրբեջանին բերել բանակցության, ու վարչապետի այցը Մոսկվա ինչ-որ իմաստով նաև արձագանք ու պատասխան է Արևմուտքի անարդյունավետությանը»,- եզրափակել է Հակոբ Բադալյանը: