Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
20 Փետրվարի 2026, 23:00
Alpha News-ի եթերում «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը և Տեր Սերոբ քահանա Ազարյանն անդրադարձել են Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց ժողովին:
Հարութ Սասունյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում նախատեսված է եղել հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որը չեղարկվել է պաշտոնական Երևանի պահանջով։
«Վեհափառի խնդրանքով փորձեցի օգնել, որ փոխնախագահն այցելի Էջմիածին և հանդիպի նրան, սակայն Սպիտակ տնից ստացա պատասխան՝ Հայաստանի կառավարությունը դեմ է»,-ասել է Սասունյանը:
Տեր Սերոբ քահանա Ազարյանը նշել է, որ ամերիկյան կառավարությանն առընթեր հանձնաժողովին ներկայացվել են Փաշինյանի ռեժիմի կողմից եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունները։ «Մենք կոչ ենք ուղղել, որպեսզի չմիջամտեն հայաստանյաց եկեղեցու ներքին գործերին։ Այսօր 10-ից ավելի եպիսկոպոսներ կամ բանտարկված են, կամ տնային կալանքի տակ, կամ նրանց մուտքն ու ելքն է արգելված երկրից։ Սա պարզապես անընդունելի է ժողովրդավար երկրում»,- ընդգծել է Տեր Սերոբը։
Բանախոսները նշել են, որ չնայած Փաշինյանի փորձերին՝ Եպիսկոպոսաց ժողովը կայացել է:
«Վարչապետ Փաշինյանը փորձեց ամեն ինչ անել, որ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվի, բայց չհաջողվեց։ Ժողովը տեղի ունեցավ, և ընդունվեց հոյակապ հայտարարություն՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու և Վեհափառի»,- նշել է Սասունյանը: