Փաշինյանի համար ամերիկյան նոր քաղաքականությունը տհաճ անակնկալ է լինելու. Ալեքսեյ Անպիլոգով

03 Մարտի 2025, 22:46

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես կազդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև կոնֆլիկտը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։

«Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում միջադեպի համատեքստը եզակի է ոչ միայն իր փաստացի բովանդակությամբ, այլ նաև այն պատճառով, որ դա առաջին դեպքն էր Օվալաձև աշխատասենյակի պատմության մեջ և որևէ մեկի հետ Ամերիկայի երկկողմ հարաբերություններում: Առաջին անգամ այդքան լարված զրույց էր ընթանում և այդքան ջախջախիչ դիվանագիտական արդյունքներ։ Ուկրաինայի պատվիրակությանը ոչ միայն խնդրել են դուրս գալ, այլ բառացիորեն վռնդել են Սպիտակ տնից»,- ասել է Անպիլոգովը։

Փորձագետի կարծիքով՝ Ամերիկան շատ ավելի քիչ մասնակցություն կունենա լոկալ հակամարտությունների լուծմանը, և Երևանը կմնա մեն-մենակ իր սեփական խնդիրների հետ:

«Ինչ վերաբերում է ամերիկյան քաղաքականության փոփոխությանը և միջազգային հարաբերությունների վրա ամերիկյան նոր կուրսի ընդհանուր ազդեցությանը, ապա մենք պետք է հասկանանք, որ Թրամփն իսկապես դուրս է բերում ԱՄՆ-ին բազմաթիվ հին հակամարտություններից։ Կովկասի համար ամերիկյան ազդեցության դուրսբերումը, առանցքային տարածաշրջաններում ամերիկյան ազդեցության նվազումը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, կկրճատվի Երևանում ամերիկյան դեսպանատան աշխատակազմը, որը մինչ այժմ ամենամեծն էր ԱՊՀ տարածքում։

Ամերիկան շատ ավելի քիչ մասնակցություն կունենա լոկալ հակամարտությունների լուծմանը և եվրոպական եվրաատլանտյան օրակարգի առաջմղմանը, քան դա եղավ Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ) վարչակազմի օրոք, որը միջամտում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ փոխհարաբերություններին՝ Հայաստանին ներքաշելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղեծիր: Ուստի, Հայաստանի ներկայիս ղեկավարության համար դա շատ լուրջ մարտահրավեր կլինի։

Կարծում եմ, որ Փաշինյանի (ՀՀ վարչապետի) համար ամերիկյան նոր քաղաքականությունն, առնվազն, տհաճ անակնկալ կլինի, քանի որ հիմա նա մենակ է մնում իր խնդիրների հետ։ Ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիներն այդ խնդիրները հաստատ չեն լուծի՝ Երևանը միայնակ թողնելով սեփական խնդիրների հետ»,- եզրափակել է Անպիլոգովը։