Փաշինյանի համար Գյումրին յուրօրինակ Վաթեռլո է․ Արտակ Ավետիսյան

29 Մարտի 2025, 00:15

Քաղաքականություն

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է անկախ փորձագետ Արտակ Ավետիսյանի հետ, ով անդրադարձել է նաև նախօրեին Գյումրիի քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճին։

«Հրապարակված բոլոր հարցումները մանիպուլիատիվ ու քարոզչական են եղել։ Իրական, մանրազննին հաշվարկ չի եղել։ Հաշվել են այնպես, ինչպես պետք է եղել»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Նա նշել է, որ բանավեճին չներկայանալն, ինչպես արեց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն, ավելի ճիշտ էր։

«Եթե բանավեճը փոխեց ինչ-որ բան, ապա դա եղավ երեք թեկնածուների մասով։ Վարդան Ղուկասյանի մասով փոխվեց՝ դրական, թե բացասական, թույլ տվեք չասել, բայց չմասնակցելն ինչ-որ իմաստով ավելի լավ էր մասնակցելուց։ Փոխվեցին Սարիկ Մինասյանի ու Ռուբեն Մխիթարյանի քվեները։ Չստացվեց կառուցողական բանավեճ ծրագրերի շուրջ, որովհետև նախ բանավեճի ֆորմատն այլ էր․ մարդկանց մտքերը կիսատ էին մնում, չէին հասցնում ավարտին հասցնել խոսքը։ Այս ամենը պարբերաբար ընդհատվում էր իշխանական թեկնածուի ու ընդդիմադիր թեկնածուի բանավեճերով։ Նրանք վիճում էին, գոռգոռում։ Մյուսները մեծ հաշվով չհասցրին որևէ բան ասել»,- ասել է Արտակ Ավետիսյանը։

Անկախ փորձագետի խոսքով՝ եթե այս ընտրություններից հետո Գյումրիում չսկսվեն կալանավորումները, ռեպրեսիաները, դա մի քանի ամսից կլինի մայրաքաղաքում։

«Նիկոլ Փաշինյանի համար Գյումրին յուրօրինակ Վաթեռլո է, որը կտանի կործանման։ Հաղթանակը գուցե լինի ուրիշներինը, հաղթեն թվերով, բայց, ի վերջո, վերջնական «հաղթանակը» նորից մնա իշխանություններին։ Սա այն դեպքում, երբ գնան տոտալ ճնշումների, ռեպրեսիաների, կալանքների, որովհետև սպասվում է նման զարգացում։ Եթե դա չլինի Գյումրիում, մի քանի ամսից նույնը Երևանում է սպասվելու»,- ընդգծել է Արտակ Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։