Փաշինյանի հայտարարությունները անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն. Ադրբեջանի ԱԳՆ

11 Փետրվարի 2025, 11:40

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում արտացոլված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն, համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր հոդվածում գրել էր. «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում. ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ», — գրել էր Փաշինյանը: