Փաշինյանի ներկայիս հայտարարությունները պայմանավորված են նախընտրական տրամաբանությամբ․ Դմիտրի Ռոդիոնով

26 Փետրվարի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի ։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունները հակասական տպավորություն են ստեղծում։

«Երբ նա ասում է, որ մենք կանցկացնենք հանրաքվե ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ մտադիր չենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ռուսական պաշտոնյաները բազմիցս ուղղակի հայտնել են՝ դա անհամատեղելի է։ Նա ասում է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց միևնույն ժամանակ պաշտպանում է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը և զինտեխնիկա է գնում դաշինքի երկրներից։ Հիմա նա կրկին հայտարարում է, որ ռուսական ռազմաբազան դուրս բերելու մտադրություն չունի։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Բայց վերջին ամիսներին գրեթե ամեն քայլափոխի պնդում էր, որ վճռորոշ դեր խաղացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Միթե նա անցյալ տարվա օգոստոսին հենց այդպիսի ուղերձով չէր մեկնել Վաշինգտոն։ Դա ստեղծում է որոշակի երկվություն, թե Ռուսաստանը «ինչ-որ բան սխալ է անում», իսկ հետո հանկարծ պարզվում է, որ մենք նրա հետ ունենք խիստ համագործակցություն, որից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել»,- նշել է Ռոդիոնովը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ հայաստանյան ներկայիս իշխանությունների հռետորաբանությունը կարող է կապված լինել ներքաղաքական իրավիճակի հետ։

«Եթե խոսենք արտաքին քաղաքական կուրսի աստիճանաբար փոփոխության սցենարի մասին, ապա նախընտրելի չեն այնպիսի քայլերը՝ ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Այդ պատճառով ընթացիկ հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, իմ կարծիքով, առաջին հերթին պայմանավորված են նախընտրական տրամաբանությամբ»,- եզրափակել է Ռոդիոնովը։