Փաշինյանի նպատակը Սփյուռքին Հայաստանից կտրելն է․ Ջակ Հաջինյան
19 Դեկտեմբերի 2025, 23:45
Հայաստանի իշխանությունը փորձում է կառավարել եկեղեցին և որոշել՝ ով պետք է լինի հաջորդ կաթողիկոսը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Մոնթեբելոյի նախկին քաղաքապետ Ջակ Հաջինյանը՝ խոսելով Եկեղեցի-Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում և ընդհանրապես աշխարհում անհնար է պատկերացնել իշխանության նման միջամտություն եկեղեցական գործերին․ «Դա բացառված երևույթ է, որ ԱՄՆ-ում երկրի ղեկավարը փորձի փոխել եկեղեցական առաջնորդներին կամ միջամտել հոգևոր կյանքին։ Միացյալ Նահանգներում կառավարությունը զատ է եկեղեցուց»։
Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գործունեությանը՝ պաշտոնյան բարձր է գնահատել Վեհափառի դերակատարումը Սփյուռքի կյանքում։ Ըստ նրա՝ ՀՀ գործող իշխանությունները փորձում են նվազեցնել Սփյուռքի կշիռը համահայկական հարցերում։
«Կարծում եմ՝ Փաշինյանը չի կարևորում Սփյուռքը և ցանկանում է կտրել նրան Հայաստանից»,- ասել է նա։
Ջեկ Հաջինյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի անվտանգային վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանը» տեսանելի չէ։ «Ադրբեջանն ու Թուրքիան այսօր ավելի շատ շահեր ունեն Հայաստանում, քան հենց հայ ժողովուրդը»,- նշել է նա։
Նա նաև խոսել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը չօգտագործեց առավելագույնը ստանալու հնարավորությունը, հատկապես գերիների վերադարձի հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։