Փաշինյանի որոշումները լեգիտիմ չեն, իսկ ՄԱԿ-ը պարտավորություն ունի. բողոքի ակցիա
17 Հուլիսի 2023, 15:42
Արցախի հարցում միջազգային պարտավորությունները հիշեցնելու համար ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, հոգևորականներ, արցախցի երեխաներ և մեծահասակներ: Նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը իր կոչն ուղղեց ՄԱԿ-ին` վրդովմունք արտահայտելով առ այն, որ այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարություններով և քայլերով հակադրվում է անգամ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված պարտավորություններին:
Ալավերդյանը նշեց, թե կապ չունի` ինչ են ասում Փաշինյանն ու Միշելը, Արցախի հանդեպ ստանձնած միջազգային պարտավորությունները դրանից չեն փոխվում:
«Եվրոպան ժամանակին եղել է գաղութատեր: Այդ գաղութներին ինքը որպես ստրուկ է վերաբերվել: Եվ այդ նույն Շառլ Միշելը կարող է ենթարկվել շրջափակման նախկին այդ ստրուկների կողմից»,- նկարագրում է Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը թյուրիմացական է համարում օտարերկրյա պաշտոնյաների այն հռետորաբանությունը, ըստ որի, եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ադրբեջանական, ուրեմն` վե՛րջ: Ըստ նախկին ՄԻՊ-ի, ժամանակին Կամպուչիայի վարչապետ Պոլ Պոտը կոտորում էր իր ժողովրդին, բայց միջազգային հանրությունը լուռ չմնաց:
«Դա կոչվել է դեմոցիդ, որովհետև սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացվել»,- ասում է Ալավերդյանը: Նա հարցադրում է անում. «Բա, միջազգային պարատավորությունները ու՞ր մնացին»: Ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի(նկատի ունի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը), ուզում է իր ամբողջ թիմը լինի, դա ի՞նչ կապ ունի»:
Նա ընդգծում է՝ Փաշինյանի որոշումներն Արցախի հարցում լեգիտիմ չեն, քանի որ Հայաստանի ինքնիշխանությունը Արցախի վրա չի տարածվում: Նա պնդում է, որ Արցախի հարցում գերակա է ՄԱԿ-ի ձայնը և դրա համար էլ եկել են այդտեղ:
Ալավերդյանն իր ելույթի ժամանակ նաև ընդգծեց, որ շատերն իրենց կարող են մեղադրել` ասելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնելու փոխարեն, պետք է կառավարության շենքի դիմաց կանգնել: Նախկին պաշտպանի խոսքով` դա նրանց փոխարեն կարող են անել և ուրիշները, իսկ իրենք նախընտրել են այսօր այստեղ լինել: Ակցիային ելույթ ունեցան նաև հոգևորականներ, երեխաները երգեցին Արցախի հիմնը:
«ԴԻԶԱԿ ԱՐՏ» մշակութային կենտրոնի սաներից մեկը կոչով դիմեց ՄԱԿ-ին, հիշեցնելով, որ հումանիտար աղետի պատճառով Արցախում արդեն մանուկներ են զոհվում: Նրանց հիշատակին հայտարարվեց լռության րոպե:
Ակցիայի մասնակցիները շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։