Փաշինյանի ուղերձը ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից հրաժարվելու փորձ է. ՌԴ ԱԳՆ

25 Սեպտեմբերի 2023, 17:08

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ն՝ կապված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Փաշինյանի վերջին դատողությունները հաստատում են մեր նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված, սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ ունեն։

«Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստում էր Ռուսաստանից շրջադարձին։ Նրանց քայլերը, որոնք իբրեւ թե ստեղծելու են Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտորը, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացվում է, որ մեր պետությունները, մեծ մասամբ, ունեն նման շահեր անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական համագործակցությունը։

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե ՞ մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։

Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն, սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման, որոնց մասին Փաշինյանը նախընտրեց լռել։

Մեր երկիրը, չնայած հանրապետությունում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարություններ ստեղծելու մասին ավելի հաճախակի հնչող ազդակներին, հետևողականորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի մեծացման քաղաքականություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Այսօր դրանք ցուցադրում են ռեկորդային դինամիկա՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։