Փաշինյանի քաղաքական գիծը մեծապես հանգում է Ռուսաստանից հեռանալու փորձին․ Անդրեյ Պերլա
24 Փետրվարի 2026, 23:15
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զույցում մեկնաբանել է Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը և իշխանությունների ռազմավարությունը միջազգային հարաբերությունների ու էներգետիկայի ոլորտում։ Փորձագետի կարծիքով՝ երկրի ղեկավարության կողմից հռչակված բազմավեկտոր քաղաքականությունը գործնականում հանգեցնում է ազգային շահերի լղոզման և Հայաստանի ռազմավարական դիրքերի թուլացման։
«Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանի և նրա թիմի օրոք երկիրը փորձում է նստել ոչ թե երկու, այլ միանգամից չափազանց շատ աթոռների վրա։ Փաշինյանի՝ Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու գաղափարը գործնականում նշանակում է փորձ՝ պահպանելու հավասար հեռավորություն Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Նա ձգտում է Հայաստանը դարձնել միաժամանակ անկախ բոլոր ուժային կենտրոններից և անհրաժեշտ յուրաքանչյուրի համար։ Տեսականորեն սա հնչում է որպես ռոմանտիկ երազանք, սակայն գործնականում հանգեցնում է սեփական ազգային շահերի պաշտպանության մերժման՝ բոլոր ուղղություններով»,- ասել է Պերլան։
Քաղաքագետի խոսքով՝ նման ռազմավարությունը հատկապես նկատելի է ռազմավարական ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում։
«Որքան խորն է Հայաստանն ինտեգրվում թուրքական, ամերիկյան և եվրոպական քաղաքականության մեջ, այնքան, ըստ քննադատների, նրա արտաքին կուրսում պակասում է ինքնուրույն ազգային օրակարգը։ Սա տեսանելի է ոչ միայն հումանիտար ոլորտում։ Կրթական քաղաքականության օրինակը խոսուն է, սակայն առավել ակնառու է ատոմակայանի և ընդհանրապես միջուկային արդյունաբերության շուրջ ստեղծված իրավիճակը։
Խորհրդային Միությունում կառուցված ատոմակայանը հնարավոր էր համեմատաբար մատչելի և տեխնիկապես կանխատեսելի կերպով արդիականացնել «Ռոսատոմ»-ի կողմից։ Փոխարենը քննարկվում է մոդուլային ատոմակայանների կառուցման տարբերակը՝ ներկայացված որպես գերժամանակակից և ամերիկյան։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ նման կայաններ ԱՄՆ-ը դեռևս որևէ երկրում չի շահագործել․ խոսքը նախագծի մասին է, մինչդեռ ռուսական տեխնոլոգիաներն արդեն կիրառված են գործնականում։ Ունի՞ Հայաստանը իրավունք տեխնոլոգիաներ ձեռք բերելու ԱՄՆ-ից։ Անշուշտ ունի։ Սակայն արդյոք երկրի էներգետիկ համակարգը ԱՄՆ-ին վերակողմնորոշելու մեջ կա՞ ռազմավարական իմաստ․ դա քննարկման հարց է։ Քննադատները կարծում են, որ հիմնական շարժառիթը Ռուսաստանից հնարավորինս հեռանալու ձգտումն է։ Եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիտարկենք հենց այս դիտանկյունից, ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանի քաղաքական գիծը մեծապես հանգում է Ռուսաստանից որքան հնարավոր է հեռանալու փորձին՝ առանց համարժեք այլընտրանք առաջարկելու»,- եզրափակել է Պերլան։