Փաշինյանի ՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում բեկում տեղի չի ունեցել․ Ալեքսեյ Անպիլոգով

25 Դեկտեմբերի 2025, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան և դրա ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Փորձագետի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում չեն համընկնում։

«Ինչ վերաբերում է Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներին, ապա որևէ աղմկահարույց բեկում տեղի չունեցավ․ ավելի շուտ հնչեցին երկրորդական, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր հայտարարություններ։ Օրինակ՝ խոսք գնաց Հայաստանի կողմից ատոմային էներգիայի օգտագործումից հնարավոր հրաժարվելու մասին, ինչը, իհարկե, կարող է լրջորեն բարդացնել հետագա համագործակցությունը ռուսական «Ռոսատոմ»-ի հետ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բեկում չեղավ, թեև, հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները այսօր բազմաթիվ հարցերում տարբերվում են, հնարավոր է՝ այն սպասելի էլ չէր։ Ավելի շուտ սա քաղաքավարական այց էր՝ տեղին և անհրաժեշտ, բայց, ցավոք, չհանգեցրեց որևէ նշանակալի արդյունքի։ Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ այն խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը, վերացել են։ Դրանք պարզապես կրկին դրվել են երկար դարակում», — նշել է Անպիլոգովը։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի համար առանձնապես կարևոր է մնում էներգետիկայի հարցը։

«Ինչ էլ որ լինի, եթե Հայաստանը ցանկանում է մնալ զարգացած արդյունաբերական պետությունների շարքում և չսահել դեպի երրորդ աշխարհ, հատկապես բոլոր կողմերից գոյություն ունեցող չհայտարարված շրջափակման պայմաններում, ապա նրան անհրաժեշտ է ունենալ սեփական էներգետիկ համակարգ։ Մյուս կողմից՝ հնչեց նաև այն միտքը, որ Հայաստանը փաստացի Ռուսաստանից խնդրում է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով։ Սա ընդգծում է, որ Երևանը շարունակում է ցանկանալ պայմանավորվել Բաքվի հետ, որպեսզի հնարավոր անդրկովկասյան կարգավորման շրջանակում հաշվի առնվեն նաև հայկական շահերը։ Կտեսնենք՝ ժամանակը ցույց կտա։ Առայժմ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ, չնայած բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, մնում է մի ամբողջ շարք շատ բարդ խնդիրներ, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ այդ հարցերը դեռ պետք է լուծվեն՝ հավանաբար արդեն մոտ ապագայում», — եզրափակել է Անպիլոգովը։

Մանրամասները՝ տեսանյութում։